Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Գազի սակագնի ոդիսականը

Գազի սակագնի ոդիսականը
09.10.2019 | 00:17

Գազի սակագնի որոշման հարցը կարծես «դարի» խնդիր է դարձել։ Այս իշխանությունն արդեն մի տարի է ուսումնասիրում, բանակցում, բայց այդպես էլ եզրահանգման չի գալիս, թե ռուսական գազը ինչ կարժենա Հայաստանի համար։ Կա պաշտոնյաների հերթապահ բացատրությունը՝ բանակցությունները շարունակվում են։ Ի դեպ, իշխանափոխման առաջին օրերին հեղափոխական կառավարության անդամներն անգամ հայտարարում էին, թե գինը կարող է նվազել։ Հիմա մոռացել են դա, իսկ մամուլը շարունակում է պնդել, թե գազի գինը շեշտակի բարձրանալու է։

Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս թեմայի առնչությամբ հայտարարել է. «Այս պահին չկա որևէ նշան, որը կենթադրի Հայաստանում գազի գնի բարձրացման մասին»: Արդեն տևական ժամանակ բանակցություններ են ընթանում, բայց պաշտոնյան խոսում է նշանների՞ մասին։ Այսքան ժամանակ ի՞նչ են քննարկում, որ հույսը դեռ նշաններն են։ «Գազի գինը որոշվում է երեք բաղադրիչով՝ գազի գինը սահմանին, ընթացիկ ներդրումներ, ընթացիկ ծախսեր: Ըստ էության թանկանալ չթանկանալը կախված է այդ երեք բաղադրիչների շուրջ բանակցություններից: Ես կարծում եմ, որ ԵԱՏՄ-ի ընդհանուր տրամաբանությունն այն է, որ կա մանդատ՝ միասնական էներգետիկ շուկան, որտեղ պետք է լինի միասնական քաղաքականություն: Ահա այդ քաղաքականությունը որոշող երկրներից մեկը պետք է լինի Հայաստանը: Եթե այդ խնդիրը տեղափոխվի ԵԱՏՄ հարթակ, մենք կլինենք շահեկան վիճակում»,-նշել է Գրիգորյանը: Փաստորեն այս անգամ էլ, ստացվում է, մեզանից ոչինչ կախված չէ ու մեր հույսը հարցը ԵԱՏՄ հարթակ տեղափոխելն է։ Ակնհայտ է նաև, որ սա էլ մեզանից կախված չէ։


Էլի ստացվեց, որ մեր երկրին տրվող գազի գնի շուրջ ոչ մի համաձայնություն չկա, իսկ եթե այս ամենին գումարենք նաև այն, որ գազի սակագինը քաղաքականությամբ է որոշվում, պատկերը լիարժեք կդառնա։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ